«Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը վաճառելու մասին մամուլի հրապարակումը բամբասանք
է, ապատեղեկատվություն։ Այս մասին civic.am-ին հայտնեց կուսակցության իրավախորհրդատու Արտակ Սարգսյանը՝ արձագանքելով կայքերից մեկի հրապարակմանը, թե «Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն են գնել, թե ով է գնորդը, մեզ չհաջողվեց պարզել, սակայն ասում են՝ 4 հազար դոլար են վճարել»։ Լյուդմիլա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ կուսակցության ղեկավարը չէ՝ առողջական խնդիրներ ունի, միաժամանակ հավելելով՝ կեղծ է կուսակցությունը գնելու մասին լուրը։ Նշենք, որ Վերակազմյալ ՍԴՀԿ-ի վարչության նախագահը Սմբատ Եղիազարյանն է,
վարչության նոր՝ 7-հոգանոց կազմը, դատելով azdarar.am-ում հրապարակված կուսակցության ֆինանսական հաշվետվությունից, ընտրվել է 2021-ին։ Նշենք, որ հայ ավանդական՝ 1887-ին հիմնադրված՝ Ս.Դ. Հնչակյան կուսակցության պառակտումից հետո (2009-ին) կա ՀՀ-ում գործող երկու կառույց՝ Վերակազմյալ ՍԴՀԿ, որը Լյուդմիլա Սարգսյանն էր ղեկավարում, և որը պետռեգիստրում գրանցվել է
2014-ին, և Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (գրանցվել է
1991-ին), որի ատենապետը Սեթրակ Աջամյանն է
(Սեդրակ Աճեմյան)։ Մամուլի հիշյալ հրապարակման մեջ նշվում է,
թե «մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգված է Պետռեգիստրին՝ հնարավոր միջոցներով արգելակել նոր կուսակցությունների գրանցումը։ Նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում: Դիցուք, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համազգային ճակատ», Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կամ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունները: Եղած կուսակցություններն էլ իշխանականներն առնում են հիմնադիրներից՝ ուղղակի գրանցման
թղթերը գնում են հիմնադիրներից, որպեսզի դա չանեն քաղաքական այլ գործիչներ, որոնք ընտրություններին հայտ ներկայացնելու մտադրություն ունեն»։ Մեր կողմից իրականացված փոքրիկ հետաքննությունը պարզեց՝ կայքի «աղբյուրները» կեղծ, թերի ինֆորմացիա են մատակարարել. «Հայոց Համազգային միասնություն» կուսակցությունը արդարադատության նախարարության պետռեգիստրի կողմից գրանցվել է 2024 թվականի փետրվարի 21-ին, գրանցման մասին նշված է կուսակցության՝ azdarar.am կայքում հրապարակված կանոնադրության մեջ։ «Նոր ուժ» կուսակցությունից էլ Հովսեփ Կուբատյանը՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, մեզ հետ զրույցում նշեց, որ կայքի հրապարակումը իրենց կուսակցության մասով թերի է,
քանի որ «Նոր ուժ»-ը,
որպես նորաստեղծ կուսակցություն, օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է արդարադատության նախարարություն, սպասում են պատասխանի։ Կուբատյանը հավելեց նաև, որ կուսակցության գրանցման համար օրենքով սահմանված ժամկետը դեռ չի լրացել։ «Ինչ-որ
խնդիրների մասին մեզ հայտնի չէ, մենք գրանցման պրոցեսը կազմակեպել ենք օրենքի տառի խիստ պահպանմամբ։
Ոչ դրական, ոչ բացասական պատասխան այս պահին չունենք»,- նշեց ավագանու անդամը՝ հույս հայտնելով, որ պետական գրանցումը տեղի կունենա։ Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն (օրենքի Հոդված 9-ի
4-րդ մասով)՝ նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը՝ արդարադատության նախարարությունը, մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է պետական գրանցման դիմումը, կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը: Ըստ օրենքի՝ Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից: Կուսակցությունը պետական գրանցման պահին պետք է ունենա 1) Երևան քաղաքում՝ առնվազն երեք
ստորաբաժանում կամ2) Հայաստանի Հանրապետության
մարզերի առնվազն 1/3-ում՝ յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում կամ3) Երևան քաղաքում և Հայաստանի
Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ում՝ յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում:Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ»-ի համագումարը տեղի է ունեցել ս.թ. մայիսի 1-ին։
Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի
քաղաքական պրոյեկտին՝ «Համահայկական ճակատ»-ին,
ապա սույն կուսակցության պետական գրանցման դիմումը 2024 թվականի մայիսի 16-ին վերադարձվել է՝ «Կուսակցությունների
մասին» սահմանադրական օրենքով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման,
իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի
պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման, հետևաբար կուսակցության
պետական գրանցման օրենքով նախատեսված բովանդակային հիմքերով։ «Համահայկական
ճակատ»-ն էլ հունիսի 21-ին երկրորդ անգամ համագումար անցկացրեց
և, ենթադրում ենք, դիմել է նաև պետական գրանցում ստանալու համար։ Մեր փորձերը՝ կապ
հաստատել կուսակցության գրասենյակի հետ, ապարդյուն անցան, կուսակցության հեռախոսահամարը
անհասանելի է։Ի դեպ, ինչ վերաբերում է կուսակցություն
գնել-վաճառելուն, ապա եթե ոչ առքուվաճառքի, ապա դրա ղեկավարումը ստանձնելու գործարքի
ականատես եղանք 2020-ին, երբ ԱԱԾ նախկին տնօրեն
Արթուր Վանեցյանը որոշեց մտնել քաղաքականություն։ Նոր՝ զրոյից կուսակցություն ստեղծելու
փոխարեն նա ստանձնեց դերասանուհի Ժասմեն Ասրյանի
հիմնադրած, 90-ականներից գործող «Հայրենիք»
կուսակցության նախագահությունը (կուսակցությունը գրանցվել է 2003-ին)։ 2020-ի այս օրերին
հրավիրվեց համագումար, ձևավորվեց կուսակցության
9 հոգուց բաղկացած խորհուրդ՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Ժասմեն Ասրյան, Արա
Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե
Ադոնց կազմով, որոնցից ոմանց կարելի տեսնել
«սրբազան շարժման» շարքերում։ «Աջ կենտրոնամետ» Հայրենիքը 2021թ. ՀՀԿ-ի հետ
կազմեց «Պատիվ ունեմ» դաշինքը և մտավ խորհրդարան։ «Դիմադրություն» շարժման ձախողումից
հետո «Նիկոլին տուն ճանապարհել» փափագող Վանեցյանը վայր դրեց մանդատն ու... անցավ ընդհատակ։
Հեղինե Մանուկյան